Հերքում

28.10.2022

Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի սույն թվականի հոկտեմբերի 28-ի գրառմանը՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն պաշտոնապես հերքում է նրա կողմից տարածված ապատեղեկատվությունը.

  • Կոմիտեն իր գործունեությունը ծավալում է բացառապես ԱՀ գործող օրենսդրության շրջանակներում, թափանցիկ և հրապարակային՝ պարբերաբար հանդես գալով կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հրապարակումներով:
  • Սոցիալական տարբեր խմբերի շահառուները կարող են իրենց վերաբերյալ տեղեկությունները ստանալ հարցում կատարելու կամ անձը հաստատող փաստաթղթով Կոմիտե ներկայանալու միջոցով:
  • Համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշման՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած անձինք բնակարանային ապահովման նպատակով հաշվառման են վերցվում ըստ առաջնահերթության միավորների սանդղակի: Հերթացուցակները պարբերաբար թարմացվում են՝ հաշվի առնելով միավորների փոփոխությունը:

Կոմիտեն չի կարող հրապարակել հերթացուցակները, քանի որ անհատական տվյալները հավաքվում և մշակվում են օրինական ձևով՝ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ («Անհատական տվյալների մասին» օրենքի 4-րդ և 10-րդ հոդվածներ): Կոմիտեի տնօրինության տակ գտնվող՝ բնակարանային հաշվառման վերցված շահառուների անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, որոնց մատչելիությունը սահմանափակված է օրենքով: Միաժամանակ նշենք, որ ԱՀ Սահմանադրության 34-րդ հոդվածին համապատասխան՝ յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին ծանոթանալու և ոչ հավաստի տվյալների շտկման պահանջի իրավունք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: