Հանրային քննարկում բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգի նախագծի շուրջ

12.11.2021

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն այսօր հանդիպել է Արցախում գործող մի խումբ հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգի նախագիծը քննարկելու նպատակով:
Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահը ներկայացրել է կոմիտեի ստեղծման նպատակը՝ շեշտելով հետպատերազմյան Արցախում բնակարանային ապահովության խնդրին արդյունավետ լուծում տալու անհրաժեշտությունը:
Խոսելով կարգի նախագծի մասին՝ Ա. Մանգասարյանն անդրադարձել է շահառուների՝ բալային համակարգով հերթացուցակում ընդգրկվելու տրամաբանությանը, բնակարանային ֆոնդի ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև ծրագիրն արդյունավետ իրագործելու էլեկտրոնային համակարգին:
«Բնակտարածքը շահառուին կտրամադրվի անհատույց օգտագործման իրավունքով՝ տասը տարի ժամկետով, բացառությամբ ծրագրով նախատեսված շահառուի, ում բնակտարածքը տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով»,- ասել է ոլորտի պատասխանատուն՝ նշելով, որ հանրապետության բոլոր շրջաններում ու ք. Ստեփանակերտում արդեն իսկ ընթանում են բնակարանաշինության աշխատանքները:
Հանդիպման ավարտին Ա. Մանգասարյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին՝ ակնկալելով հետագա արդյունավետ համագործակցություն:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը: