ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2021

Հարգելի´ հայրենակիցներ,
Անցնող 2021 թվականը փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր:
Արցախն ունի խոր վերքեր, բայց նաև` ապաքինվելու ու ոտքի կանգնելու փորձ, որի ամենավառ ապացույցը մեր գոյությունն է, հայրենիքի համար պայքարելու մեր կամքը:
Մեր հետագա ճանապարհը լի է դժվարություններով: Բայց մեր զոհված նահատակների հիշատակը պարտավորեցնում է վերաարժևորել մեզ ու բոլորիս ջանքերն ուղղել իրական խնդիրների լուծմանը` հանուն ավելի արժանապատիվ ու ավելի բարգավաճ ապագայի:
Մենք ամեն օր կատարելու ենք գուցեև փոքր, բայց վստահ քայլեր, որպեսզի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տուժած յուրաքանչյուր ընտանիք զգա փոփոխությունների դրական շունչը:
Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ, լուրջ և իրատեսական ծրագրերով:
Թող Աստծո օրհնությամբ Արցախում տիրի հարատև խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում` սեր ու հոգատարություն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: