Արցախբանկ նշած շահառուների փոխանցումները կատարված են

09.12.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ սեպտեմբեր ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության տրամադրման գործընթացը:
Առաջին փուլով կատարվել են Արցախբանկ նշած շահառուների փոխանցումները:
Հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ:
Քանի որ աջակցության շահառու են համարվում բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձինք, մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, հորդորում ենք հետևյալ փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնել Կոմիտե.
  • ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը.
  • անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
  • ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
  • ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը).
  • տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
  • տեղեկանք մշտական հաշվառման և փաստացի բնակության վայրերից.
  • բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետևանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը.
  • ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը.
  • ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.
  • անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:
ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության (ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով) ծրագրի շահառուների՝ Կոմիտեում փաստաթղթեր հանձնելու անհրաժեշտություն չկա: